Երիտասարդ հանրապետական կազմակերպությունը նոր քաղաքական մշակույթ է ձևավորում տարածաշրջանում։ Երիտասարդ հանրապետականների նախաձեռնությամբ կազմավորվում է Հարավային Կովկասի երեք երկրների Երիտասարդական խորհրդարան։ Այն առցանց հարթակ է երեք երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար, որը նախատեսում է նաև տեսաձայնային նիստերի վարում: Ծրագիրը ներառելու է հատուկ երիտասարդ քաղաքական գործիչների համար նախատեսված սոցիալական ցանցի ստեղծում: Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանը ունենալու է 3 համանախագահ՝ անդամ բոլոր երկրներից:
ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար, վերոնշյալ նախագծի համահեղինակ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երիտասարդ հանրապետականների հեղինակած ծրագիրը դրամաշնորհի է արժանացել Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի (NIMD) կողմից։
«Երիտասարդական խորհրդարանի ստեղծումը լուծում է երկու խնդիր. նախ զարգանում է քաղաքացիական դիվանագիտություն հարավկովկասյան երեք երկրների երիտասարդների միջև, այն երիտասարդների, ովքեր ներգրավված են քաղաքական գործընթացներում և վաղն իրենց պետություններում դառնալու են որոշումներ կայացնողներ։ Սա՝ միջազգային մակարդակում։ Երկրորդ մակարդակում, որ պակաս կարևոր չէ, ծրագիրը լուծում է նաև միջկուսակցական քաղաքական մշակույթի հարցը՝ ընդդիմությանը ինքնարտահայտման հարթակների, լծակների տրամադրում և այլ խնդիրներ, որոնք շատ ավելի սուր են արտահայտված Ադրբեջանում»,- ասում է Հայկ Մամիջանյանը։
Մեր զրուցակիցը նշում է, որ նախագիծն առաջին փուլում արժանացել է հայաստանյան բոլոր խորհրդարանական ուժերի հավանությանը. «Ըստ ծրագրի պայմանի՝ մենք պետք է ստանայինք հարևան երկրներից գոնե մեկ համակազմակերպչի համաձայնությունը։ Վրաստանի պարագայում դա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է, որը ժամանակին իշխող կուսակցություն էր, այժմ ընդդիմության կազմում է։ Իսկ Ադրբեջանի դեպքում մենք ունեցանք մի փոքր խնդրահարույց իրավիճակ։ «Ենի Ազերբայջան» կուսակցությունն ի սկզբանե հավանություն էր տվել ծրագրին, որոշ վերապահումներով մասնակցում էր նախագծման աշխատանքներին, որոնք տեղի էին ունենում Վրաստանում։ Սակայն Ադրբեջան վերադառնալուն պես խզեցին բոլոր կապերը, չեն արձագանքում որևէ նամակի, բայց, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ կկարողանանք Ադրբեջանում գտնել ուժեր, որոնք պատրաստ կլինեն մասնակցելու ծրագրին»։
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ տեխնիկական տեսանկյունից այս գործիքը՝ սոցիալական ցանց, տեսակոնֆերանսներ նույն հարթակներում, բացառիկ է։ Ընդ որում, սա առաջին երիտասարդական քաղաքական նախաձեռնությունն է, որ հարավկովկասյան երեք երկրների համար կազմակերպվել է հենց տեղի երիտասարդների ուժերով և ոչ թե դրսի որևէ կազմակերպության կողմից։
Հայկ Մամիջանյանը նշում է, որ երկար ժամանակ քննարկվում էր կոնֆլիկտոգեն թեմաները Երիտասարդական խորհրդարանում ներառելու հարցը։ Որոշվեց շարժվել խոսքի ազատության կանոններով։ «Մենք պետք է ոչ թե կիզակետում պահենք մեր հարաբերություններում խնդրահարույց իրողությունները, այլ դրանց զուգահեռ փորձենք գտնել ընդհանրական թեմաներ, որոնք կարող են առնչվել կրթությանը, բնապահպանությանը և այլն։ Այս հարթակը կօգտագործվի նաև ադրբեջանական երիտասարդությանն իրական ինֆորմացիա հասցնելու համար, որպեսզի Ադրբեջանում իշխող վարչակարգի քարոզչամեքենայի տարածած նյութերից զատ ակտիվ երիտասարդները հնարավորություն ունենան ծանոթանալու իրական պատկերին, այդ թվում՝ սահմանային լարվածության և դրա համար ադրբեջանական կողմի ամբողջական պատասխանատվության մասին»,- ասում է Հայկ Մամիջանյանը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ